Հունվարի 13-ի գիշերը հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող թբիլիսցի հայազգի վաճառական Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի անունը կրող պատմական շենքում: «Հայերն այսօր»-ից տեղեկանում ենք, որ հրդեհից այրվել Է 5-հարկանի շենքի առաջին հարկը, վերելակի հորանը և տանիքը: Մարդկային զոհեր չկան: Հրդեհի ստույգ պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
Հետաքրքիր այս շինությունը կառուցվել է 1900-ին, ճարտարապետ Օբոլենսկու նախագծով: Պատկանել է առաջին գիլդիայի վաճառական Ալեքսանդր Մելիք-Ազարյանցին: Դեռեւս 20-րդ դարասկզբին տունն արդեն ունեցել է իր առանձին էլեկտրա և ջրամատակարարումը, ջեռուցման համակարգը, հեռախոսակապը, մանկապարտեզը, կինոթատրոնը, լուսանկարչական սրահը, գեղագիտական պատկերասրահն ու այգին՝ շատրվանով և էկզոտիկ բուսականությամբ: